Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կինո նկարեք, կինո

Կինո նկարեք, կինո
18.04.2014 | 12:51

Այդին

ՄՈՐԻԿՅԱՆ


Համարյա` թութուն ցանելու էն անեկդոտի պես: Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում: ՈՒ` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, վերջերս «օրախնդիր» դարձած ցեղասպանության մասին է: Դրա ճանաչել-չճանաչելու: Ընդունել-չընդունելու: Կասկածի տակ դնել-չդնելու մասին:
Ի վերջո` գոնե այս խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալո՞ւ ենք, թե՞ ոչ: Գոնե այս մեկ խնդրի շուրջ: Անկեղծ ասած` առանձնապես դժվար էլ չէ հստակ որոշելը, թե դա ինչ է մեզ համար: Կարելի է ցանկացած այլ երևույթի պես քննարկել դրա ընկալման-մատուցման-հետապնդման բոլոր հնարավոր տեսական տարբերակները:
Ցավալի, ահավոր, սահմռկեցուցիչ, բայց անցած-գնացած ողբերգություն: Ի դեպ, թող սրբապիղծ չհնչի, բայց մինչև 60-70-ական թվականները դրա մասին շատ քչերը գիտեին, առավել քչերի համար դա իրական ողբերգություն էր, և մատների (ձեռքերի միայն) վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, ովքեր զբաղվում-հետամուտ-շահախնդիր էին դրանով:
Միջպետական փոխվստահության վերականգնման հարց. կարևոր է, սակայն ոչ նվազ կարևոր է այն, որ այդ խնդիրը, ըստ էության, լուծվել է արդեն մեկ-երկու տարի անց, ու հայկական ստեղծվող պետականությունը ակտիվորեն համագործակցել է ցեղասպանի հետ: Ավելին` աջակցություններ է խնդրել (և ստացել է) ու հավաստիացումներ է տվել (կատարել է): Հետո թե ի՞նչ եղավ` դժվար է ասել:
Փոխհատուցումների հարց. տրամաբանական է: Բայց անձերին փոխհատուցումների խնդիրը լուծվել է իրավաբանորեն, մնացյալը... Անհայտ է` ով-ում-ինչքան-ինչու-երբ-ինչպես-ինչ... Ավելին` եթե առաջին հանրապետությունը, օրինակ, նման հարց չի բարձրացրել, երրորդն, արդյոք, իրավունք ունի՞: Անգամ` վերը նշված ու այդպես էլ պատասխան չունեցող հարցերի առկայության դեպքում:
Ազգային աննախադեպ ողբերգությամբ աշխարհին պարբերաբար իր մասին հիշեցնելու խնդրի լուծում. այլ հնարավորության բացակայության պատճառով: Բացառված չէ, բայց և անհեռանկարային է: Խիստ: Վաղուց արդեն այլ ժամանակներ են: Այլոց համար` անշուշտ: 21-րդ դար:
Մազոխիզմի դրսևորում, քանի որ դեռևս անցյալ չեն անգամ էն ժամանակները, երբ մարդիկ վիրավորվում էին, երբ լսում էին, որ 1-1,5 միլիոն հայ է ոչնչացվել: Նրանք պնդում էին 2 միլիոն թիվը:
Բիզնես: Այո, այո, պարզ բիզնես: Հիմնված տարբեր մարդկանց ազգասիրական և մարդկային զգացումների վրա: Դրանց շահարկում` խիստ անձնական նպատակներով: Կամ` նեղ-կորպորատիվ:
Ճշմարտության բացահայտման, արդարության վերահաստատման և բարոյականության վերականգնման հարց. որը համարում ենք անհրաժեշտ և կարևոր:
Ահա, թերևս, և հնարավոր բոլոր տեսական տարբերակները, որոնցից վերջինն է, թերևս, ամենախելամիտը:
Իսկ սա լուծման մի ճանապարհ ունի ընդամենը. թուրքական հանրային միտքը լուսավորել, նրանց մատուցել իրենց համար անհերքելի և կասկածի ոչ ենթակա փաստեր ու դրանց միջոցով ապահովել ճշմարտության, արդարության, բարոյականության հաղթանակը:
...1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ նոր կաբինետը որոշում է դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին. «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին` Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: 1918 թ. դեկտեմբերի 16-ի որոշումով կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր և հավաքվում են արևմտահայության կոտորածների մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ, հրամաններ, ականատեսների վկայություններ:
1919 թ. հունվարի 8-ին Կոստանդնուպոլսում կազմվում են Առաջին, Երկրորդ և Երրորդ ռազմական արտակարգ ատյանները: Իսկ մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիեդդինի (1918-1922 թթ.) հրամանագրով երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվում են Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի դատին: Երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը սկսվում է 1919 թ. ապրիլի 27-ին Կ. Պոլսում:
Դատավճիռը կայացվում է 1919 թ. հուլիսի 5-ին: Հեռակա կարգով մեղադրվում են 11, դատավարության ներկա 20 կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա մեղադրյալներն էին Սայիդ Հալիմ փաշան, Խալիլ, Ահմեդ Նեսիմի, Իբրահիմ, Թալեաթ, Ռիզա, Միդհատ Շյուքրի, Զիա Գյոքալփ, Քեմալ, Ջևադ, Աթիֆ բեյերը: Հեռակա դատի տրվածներն էին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ էֆենդիները, դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռուզուհին և Ազիզը:
Այդ դատավարությանը հաջորդում են «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պաշտոնյաների և այլ պաշտոնատար անձանց դատաքննությունները:
Այ, սրա մասին կինո նկարեք ու տարածեք աշխարհով մեկ: Նաև` Թուրքիայով: Իրենք են, չէ՞, դատել-դատապարտել-պատժել իրենց: Դրանից ավելի գործուն` ինչ կարող է ազդել հանրային կարծիքի վրա և նպաստել արդարության, ճշմարտության, բարոյականության հաղթանակին կամ վերականգնմանը:
Էնպես որ` պեչենու բաղերն ընկնելու փոխարեն` կինո նկարեք, կինո...


«ԺԱՄԱՆԱԿ. ԵՐԵՎԱՆ»
17.07.2008

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ